Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեկնարկեց ազգային ընտրանիների գարնանային սեսիան

Մեկնարկեց ազգային ընտրանիների գարնանային սեսիան
24.03.2017 | 11:25

Չորեքշաբթի մեկնարկեց համաշխարհային ֆուտբոլի ազգային ընտրանիների գարնանային սեսիան, որը բաղկացած է ինչպես ընկերական, այնպես էլ պաշտոնական հանդիպումներից: Այս շարքից առաջինը Գերմանիա-Անգլիա դիմակայությունն էր: Ճիշտ է՝ մրցաշարային առումով այն առանձնակի նշանակություն չուներ, սակայն սրանք հավաքականներ են, որոնց ցանկացած կարգի հանդիպում չի կարող չշարժել ֆուտբոլային հանրության ուշադրությունը:
Մինչ բուն խաղին անդրադառնալը, ներկայացնենք հետաքրքրաշարժ վիճակագրություն այս ընտրանիների դիմակայությունների անցյալից:


Կողմերն առաջին անգամ ուժերը չափել են անցյալ դարի 30 թվականին, հանդիպումն այդ ավարտվել է 3:3 հաշվով: Մինչ չորեքշաբթի իրար հետ մրցել են երեսուն անգամ: Դրանցից տասնհինգում հաջողությունն ուղեկցել է գերմանացիներին, տասներկուսում՝ անգլիացիներին: Ամենավերջինը Բեռլինում էր, մեկ տարի առաջ: Այն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Հատկանշական է, որ խաղի ընթացքում գերմանացիները հաղթում էին 2:0 հաշվով:


Ինչպես և ակնկալվում էր, դորտմունդյան այս դիմակայությունը դիտարժան ստացվեց: Այն հատկանշական էր նաև նրանով, որ այդ օրն ազգային հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն էր անցկացնում Լուկաշ Պոդոլսկին՝ ֆուտբոլիստ, ում վաստակը պակասներից չէ, ու սույնը գերմանացիներն ընդգծել էին և նրանով, որ ազգությամբ լեհ ֆուտբոլիստին էին վերապահել հավաքականի ավագի պարտականությունները: Ինչ-որ առումով խորհրդանշական է, որ հանդիպման միակ գոլի հեղինակը հենց նա դարձավ՝ թնդանոթային հարվածով գրավելով անգլիացիների դարպասը:
Լուկաշ Պոդոլսկի. «ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնել երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ հավաքականի կազմում հանդես գալու տասներեք տարիների ընթացքում: Շնորհակալություն Ֆուտբոլի գերմանական միությանը թիմի հանդեպ ունեցած հոգածության համար: Վերջապես շնորհակալություն ընտանիքիս՝ ծնողներիս, կնոջս, երեխաներիս: Ես այսօր ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Շնորհակալություն, Դորտմունդ, շնորհակալություն, Քյոլն: Շնորհակալություն ողջ Գերմանիային: …Ամեն ինչ ասես կինոյում էր: Այսօր ես կարողացա օգտագործել ուժս, որը մնացել էր ձախ ոտքիս մեջ: Հրաշալի խաղ էր, հրաշալի արդյունք ու հրաշալի մնաս բարով»:

Յոախիմ Լյով (Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ). «Նկատելի էր, հատկապես առաջին խաղակեսում, որ մենամարտերում Անգլիան խաղում էր ավելի ակտիվ, ավելի ավյունով: Դրան հարմարվելու համար մեզնից ժամանակ պահանջվեց: Արդյունքում սակայն իմ խաղացողները վարժվեցին այդ ռիթմին: Կարծում եմ, որ դա լավ խաղ էր: Հրաշալի էր խաղալ ընդդեմ մի մրցակցի, որն իսկապես մեզ պրոբլեմներ էր առաջադրում»:
Գարետ Սաուտհեյտ (Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ). «Մեզ անհրաժեշտ է աշխատել խաղային այդ նոր սխեմայի վրա, որը հնարավորություն տվեց վերահսկելու գնդակն ու պահեր ստեղծելու: Մրցակիցը հեքիաթային գոլ խփեց, սակայն ես հպարտ եմ նրանով, ինչ արեցին իմ սաները: Մինչ այդ գոլը Անգլիայի ընտրանին ավելի ուժեղ էր դիտվում: Այդ հանդիպումը երիտասարդ ֆուտբոլիստների համար լավ փորձ կլինի»:


Խաղին անդրադարձը ավարտենք հիշեցումով, որ տարբեր պատճառներով դորտմունդյան մրցակցությանը չմասնակցեցին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ. անգլիացիներից՝ Հարի Քեյնն ու ՈՒեյն Ռունին, գերմանացիներից՝ Յուլիան Դրակսլերը, Մեսուտ Օզիլն ու Մանուել Նոյերը: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը պատրաստվում է այս ամռանն ամուսնանալու, սակայն, չգիտես ինչու, փաստը փորձում է անընդհատ խնամքով թաքցրած լինել:
Հավելենք, որ այս հավաքականներն արդեն շաբաթավերջին կանցկացնեն աշխարհի առաջնության շրջանակներում իրենց առաջին պաշտոնական հանդիպումները: Գերմանացիների մրցակիցն է Ադրբեջանի, անգլիացիներինը՝ Լիտվայի հավաքականը: Այդ ժամանակ էլ ֆուտբոլիստներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն օրերս Լոնդոնում տեռորիստական ակտին զոհ գնացածների հիշատակին:


Չորեքշաբթի կայացած հանդիպումներից հիշատակենք ևս մի քանիսը: Ղազախստանի ընտրանին, որն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական պայքարի շրջանակներում մարտի 26-ին լինելու է մեր հավաքականի մրցակիցը, Կիպրոսում 1։3 հաշվով զիջել է տեղի ընտրանուն: Մյուս հանդիպումներում չեխերը հաղթել են լիտվացիներին (3:0), ոչ-ոքի են խաղացել շոտլանդացիներն ու կանադացիները (1:1):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ